Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ

Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ
07.10.2026 | 14:01

ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը

Էջը կա, բովանդակությունը՝ ոչ։

Վերջին գիրքս՝ Small States, Russia and the West (Routledge, 2025) և այլ ակադեմիական հետազոտություններ իրականացնելիս բազմաթիվ անգամ հղում եմ արել այս էջին և ուղիղ մեջբերումներ կատարել այնտեղ հրապարակված պաշտոնական ձևակերպումներից։

Իսկ հիմա այդ բովանդակությունը չկա։ Այն ոչ թե խնամքով արխիվավորել են, ինչպես կանեին կայացած, ինստիտուցիոնալ հիշողությունը հարգող պետություններում, այլ պարզապես ջնջել են՝ փաստացի վերացնելով Հայաստանի Հանրապետության ժամանակակից քաղաքական պատմության արտաքին քաղաքականությունն ամբողջականացնող պաշտոնական գրավոր փաստաթուղթ։ Ըստ էության, ջնջել են քաղաքական-ինստիտուցիոնալ հիշողության մաս։ Պաշտոնական կայքերում հրապարակված նման նյութերը պետական քաղաքականության «փաստագրված հետքն» են։ Դրանք կարևոր են ոչ միայն լրագրողի, այլև երկրի դիվանագետ-պաշտոնյաի կամ ուղղակի քաղաքացու, այդ թվում նաև հետազոտողի համար՝ որպես վավեր և ստուգելի սկզբնաղբյուր։

Երբ պետությունը փոխում է իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ պետք է վերանա նաև այն փաստաթղթային հետքը, թե ինչ քաղաքական նարատիվ կամ ուղղություններ էր դավանում ու որդեգրել պետությունը նախկինում։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ։

Քաղաքական մշակույթի բացակայության և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ արհամարհանքի շատ խոսուն ցուցիչ է, ի՞նչ խոսք։

Ստորև տեղադրում եմ ջնջված էջի իմ կողմից ժամանակին արխիվավորված բովանդակությունը:

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև` տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:

ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:

Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա.

• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապ,

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ:

Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու խորացումը և համագործակցության սերտացումը:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին մերձեցումը` հենվելով եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների և ընդհանուր արժեքների վրա:

Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Հայաստանը կողմնակից է և ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ